ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ավելորդ պաշտոնյաները

Ավելորդ պաշտոնյաները
01.11.2016 | 19:44

2017-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին, չբացառեց, որ առաջիկայում փոխմարզպետների կրճատում է լինելու։ Պատգամավորն այդ առաջարկով դիմել էր նաև նախորդ կառավարությանը, սակայն խնդրին ընթացք չէր տրվել։

«Ձեր գրության հիման վրա վարչապետն արդեն հանձնարարական տվել է, որ իրեն ներկայացնեն, թե մարզերում քանի փոխմարզպետ կա, աշխատանքի բաշխվածությունն ինչպես է: Հանձնարարական տրված է, որ սկզբում մարզպետներից ստանալ առաջարկություններ կրճատումների հետ կապված, որից հետո ինքը կընդունի որոշում: Կարծում եմ՝ մոտեցումը ճիշտ է, հանձնարարական է տրված, որ առաջին հերթին մարզպետներն են հնարավորություն ունենում ներկայացնել առաջարկություններ, եթե ոչ, ապա նման հանձնարարարական կտրվի նաև վարչապետի կողմից»,- հայտարարեց Դավիթ Հարությունյանը:

Իհարկե, լավ է, որ, այսպես ասած, «ավելորդ» պաշտոնները կրճատվում են, սակայն այս սկզբունքով եթե առաջնորդվենք, պետք է նաև վերանայվի փոխքաղաքապետերի, նախարարի տեղակալների, խորհրդականների, օգնականների թիվը։ Այլապես ստացվում է, թե մեր երկրում ամենաավելորդը փոխմարզպետներն են։
Ի դեպ, որոշ տնտեսագետներ պնդում են, որ «տոտալ» կրճատումները մեր նման երկրում վտանգավոր են, քանի որ եթե մի բանից «զրկում» ես, պետք է մեկ այլ բան առաջարկելու հնարավորություն ունենաս։ Իսկ մեզանում գործազրկության մակարդակը «երկինք» է հասել, չկան աշխատատեղեր, բայց կրճատումներն էլ խիստ արդիական են(հանուն արդարության պետք է ասել, որ շատ հաճախ էլ արդարացված)։ Ստացվում է փակուղի։ Ինչպես վարվել, որ և պետական ապարատը չուռճացվի, և մարդիկ աշխատանք ունենան։ Այս ամենին կա պարզ լուծում. տնտեսություն զարգացնել ու աշխատատեղեր ստեղծել։ Խնդիրն հենց այս հարթությունում պետք է դիտարկել ու լուծումներ փնտրել, ոչ թե «պոչից» սկսել։ Նախ համապատասխան պայմաններն ու գործատեղեր ապահովել, հետո հանգիստ կրճատումներ անել։


Էլ չասենք, որ շատ հաճախ այդ կրճատումների թիրախ են դառնում շարքային, «անտեր» աշխատողները, որոնց հարցը «վերևներից» չի լուծվում։ Այնպես որ, ցանկացած կտրուկ որոշում նախ պետք է հաշվարկված լինի և լրացուցիչ խնդիրներ չստեղծի։ Տնտեսությանը զարկ տվեք, կրճատել, ձևել-կարկատել ու կարել միշտ էլ կարող եք։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1378

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ